ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Ավագանու ընտրությունները ոչ թե քաղաքական են, այլ անձնավորված

Ավագանու ընտրությունները ոչ թե քաղաքական են, այլ անձնավորված
11.09.2018 | 00:13

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ՍՈՒՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ այն տեսակետին է, որ Երևանի ավագանու ընտրությունները, ի տարբերություն խորհրդարանականի, ավելի շատ անձնավորված ընտրություններ են, քան քաղաքական։ «Իրատեսի» հետ զրույցում նա նման կարծիք հայտնեց անդրադառնալով սեպտեմբերի 23-ին տեղի ունենալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին:
«Ես անձամբ կնախընտրեի այնպիսի թեկնածուի ընտրել, որն արժանի է ու լավ կաշխատի: Ընտրություն պետք է անել՝ հաշվի առնելով ոչ թե տվյալ կուսակցության նախագահի ով լինելու փաստը, այլ ուշադրություն դարձնել թիմին, որից էլ քաղաքապետ պետք է ընտրվի»,- ասաց նա:


Մանուկյանը մեզ փոխանցեց նաև, որ «Դաշնակցության» Երևանի քաղաքապետի թեկնածու՝ Միքայել Մանուկյանը շահեկանորեն տարբերվում է մյուս թեկնածուներից. հայրենասեր է, մեծ կենսագրություն ու աշխատանքային փորձ ունի:
«Ղարաբաղյան պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակցել է հայրենիքի պաշտպանությանը, դրանից հետո բազմաթիվ քաղաքական հալածանքների է ենթարկվել, բայց ոչ մի անգամ չի կոտրվել: Աշխատանքային մեծ փորձ ունի, աշխատասիրությունն էլ չի զիջում»,- թվարկեց նա:


Հարցին, թե խոսակցություններն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը համագործակցում է ՀՅԴ-ի հետ, հնարավո՞ր է անդրադառնան քաղաքացիների ընտրության վրա, պատգամավոր Մանուկյանը պատասխանեց, որ ինքն անձամբ տեղյակ չէ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության մասին, բայց և հղում արեց հայտնի այն թեզին, թե քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում:
Փոխանցեց նաև, որ ՀՅԴ-ում Գերագույն մարմինն է քաղաքական որոշումներ կայացնում, և եթե համագործակցության մասին նման որոշում լինի, այդ մասին առաջինը մամուլը կիմանա:
Մեր դիտարկմանը, թե ընտրապայքարն ընթանում է առանց իշխող ուժին քննադատելու, և, կարծես, նախընտրական այս փուլում ընդդիմության տեղը թափուր է, ՀՅԴ պատգամավորն այսպես արձագանքեց. «Նոր ձևավորված իշխանություններին աշխատելու հնարավորություն պետք է տալ: 100 օրը քիչ ժամկետ է, որ վերլուծես նոր իշխանությունների արածն ու չարածը և քննադատես նրանց: Մարդկանց մեջ այդ հույսը կա, որ վաղն իրենք լավ են ապրելու, երբ հույսը կմարի, այդ ժամանակ կարձագանքեն թերացումներին ու խնդիրներին»:


Սուրեն Մանուկյանից հետաքրքրվեցինք նաև, թե, լինելով տարածքային ցուցակով ընտրված թեկնածու, ինչպե՞ս է վերաբերվում ռեյտինգային թեկնածուներից հրաժարվելու փաստին:
«Եթե ժողովրդավարությունից ենք խոսում, ապա պարզ է, որ ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ ով կլինի խորհրդարանում, ով ոչ: Ինձ համար ամենաիդեալական տարբերակն այն կլիներ, որ թեկնածուներն ընտրվեին ոչ միայն տվյալ տարածքից, այլև ամբողջ հանրապետությունից: Այսինքն, ենթադրենք տավուշցի ընտրողը կարողանա ընտրել Սյունիքի մարզից առաջադրված թեկնածուին ու ինքը որոշի, թե տվյալ ուժի ներկայացրած ցուցակից ով կլինի պատգամավոր,- նկատեց Մանուկյանը՝ հավելելով,- Ես հեղափոխությունից հետո էլ, առաջ էլ իմ ընտրողների հետ հաճախակի հանդիպում եմ: Նրանք ինձ հավատարիմ են, իմ կողքին կանգնած: Կոնկրետ իմ ընտրազանգվածի վրա ես վստահ եմ, ու եթե վաղը լինի ընտրություն, ապա հստակ գիտեմ՝ ընտրողներիցս որևէ մեկի վստահությունը կորցրած չեմ լինի»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3074

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ